ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հունվարի 27-ին ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելին:
Ողջունելով հյուրին՝ Արտակ Զաքարյանը բարձր է գնահատել դեսպանի աշխատանքը հայ-գերմանական համագործակցությունը զարգացնելու գործում: Նա կարեւորել է պարոն Մորելի ջանքերը խորհրդարանական կապերի առաջ մղման հարցում եւ ակտիվ համագործակցությունը արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին՝ Արտակ Զաքարյանը հույս է հայտնել, որ Բունդեսթագի ղեկավարությունը եւ պատգամավորները եւս այդ օրերին կլինեն հայ ժողովրդի կողքին եւ կմասնակցեն ապրիլյան հիշատակի միջոցառումներին: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը նշել է, որ ցեղասպանությունների դատապարտումը կարեւոր քայլ է դրանց կանխարգելման, մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություններ թույլ չտալու համար:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Ռայներ Մորելին պատրաստակամություն է հայտնել նպաստելու հայ-գերմանական խորհրդարանական հարաբերությունների հետագա խորացմանը:
Զրուցակիցները քննարկել են նաեւ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Արտակ Զաքարյանը քննադատաբար անդրադարձել է թուրքական կողմի դիտավորությամբ հարուստ, խոչընդոտման միտում ունեցող ցինիկ դրսեւորումներին՝ կապված Գալիպոլիի 100-ամյակը նշելու օրվա եւ պաշտոնական գործողությունների հետ: Ըստ նրա՝ դրանք ժխտողականության եւ հակահայկական ընդգծված քարոզչության հերթական ենթատեքստեր են, որոնք աչքի են ընկնում իրենց պարզունակությամբ: Պարոն Զաքարյանը հույս է հայտնել, որ այն չի դառնա մարդկության կողմից ցեղասպանությունների դատապարտման ու կանխարգելման պայքարի ճանապարհին հյուսվող նոր սադրանք: